Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ
Դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսեց գործել Ջրային պարեկային ծառայությունը, որի նպատակը բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալն է։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով, և ուժեղացված ծառայության արդյունքում դեկտեմբերի 12-ին ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպքեր։
Ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է մեքենա՝ բարձված ապօրինի որսած շուրջ 250 սիգ տեսակի ձկներով։
Նույն օրը՝ ժամը 11․40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի մոտակայքում մեկ այլ մեքենայում հայտնաբերվել է ապօրինի որսած շուրջ 20 սիգ տեսակի ձուկ։
Երկու անձ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժիններ։
Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։
Կարծիքներ