«Արցախցիները էնքան իմաստուն են, որ կհասկանան՝ փողոցում հայրենասիրական պահանջներ դնելը,դա արցախասիրություն չէ».Կարեն Անդրեասյան
«Չեմ հիշում որևէ պատգամավորի, որ ցանկություն է ունեցել հանդիպելու, մերժել ենք: Եթե խոսքը գնում է ընդդիմադիր ակցիայի մասին, որի արդյունքը լինում է վախեցնելով, կամ շանտաժով, կամ դուռը ջարդելով ներս մտնելուն, դրա համար կան իրավապահ մարմիններ, որ, հուսով եմ, կպաշտպանեն մեր պետական կառույցները»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության ակցիաներին՝ ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին «Դիմադրություն» շարժումը նախարարությունների շենքի մոտ էր, պատգամավորները պահանջում էին հանդիպում՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի հարցում:
«Ինչ վերաբերում է Արցախին հարցին, էսպես պարզունականացնել զգայուն հարցն ու փողոցում հայրենասիրական պահանջներ դնել, որ բոլորս ասենք՝ Արցախի կարգավիճակը հենց հիմա ինչպիսին պիտի լինի, ինձ թվում է՝ արցախցիները էնքան իմաստուն են, որ կհասկանան՝ դա արցախասիրություն չէ»,- ասել է Անդրեասյանը:
«Տեսա, նախարարներին հարցնում են՝ դուք մեր ու ժողովրդի հետ եք, թե՞ դեմ եք. ուզում եմ ասել՝ հարգելինե՛րս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք, որովհետև ժողովուրդն արտահայտել է իր կամքը 2021թ. ընտրություններին:
Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ հազար աջակից, դեռ չի նշանակում՝ դուք ժողովուրդն եք, ու եթե մենք էլ ձեզ հետ չենք քաղաքականապես, ուրեմն ձեր դեմ ենք կամ ժողովրդի»,- շարունակել է պաշտոնյան՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:
Կարծիքներ