Այսօր Արցախի դպրոցներում հնչում է Վերջին զանգը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ:
«Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր Արցախի հանրակրթական դպրոցներում կհնչի վերջին զանգը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ՝ կարևորագույն այս տոնի կապակցությամբ։
12 տարի շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթության, դաստիարակության, կայուն արժեհամակարգի ձևավորման դարբնոց։ Այժմ դպրոցական վերջին զանգի ելևէջների ուղեկցությամբ հրաժեշտ տալով ձեր հարազատ կրթօջախներին՝ մեծ սպասելիքներով ու նվիրական երազանքներով մուտք եք գործում վերելքների ու վայրէջքների դարպասներով, որտեղ հաջողությունները մեծապես կախված կլինեն ձեր կամքի ամրությունից և ոգու տոկունությունից։
Ու հոգևոր այն արժեքները, որոնք ստացել եք վաստակաշատ ուսուցիչներից, պետք է դարձնեք ձեր ճանապարհի ուղեցույցը և ապագայի կերտման հիմնաքարը։
Այսօր մեր հայրենիքի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումն ունի կարևոր ու կենսական նշանակություն։ Հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու գիտելիքի զորությամբ ձեր սերունդը պետք է լծվի ազգի և հայրենիքի զորացման ու բարգավաճման գործին։
Իմ երախտագիտության խոսքն եմ հղում ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ։ Անգին է ձեր կատարած աշխատանքը սերունդների կրթության և դաստիարակության գործում:
Շարունակե՛ք լինել հայրենասիրության ու ազգային միաբանության սուրբ արժեքների կրողն ու տարածողը։
Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ»,- նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարի ուղերձում:
Կարծիքներ