Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը
96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են րոպեներ առաջ Բուքինգհեմյան պալատից:
Թագուհին իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է Շոտլանդիայի Բալմոր ամրոցում։ Այնտեղ են ժամանել ընտանիքի անդամները, այդ թվում՝ չորս երեխաները և արքայազն Ուիլյամը: Արքայազն Հարրին նույնպես մեկնել է Շոտլանդիա։ Ենթադրվում է, որ նա օրվա ընթացքում սերտ կապ է պահպանել հարազատների հետ՝ չնայած ընտանիքում առկա կոնֆլիկտին։
Միապետի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի է դարձել այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ Եղիսաբեթ II-ին խորհուրդ է տրվել լինել բժիշկների հսկողության տակ։ Նա նաև հետաձգել է Գաղտնի խորհրդի նիստը այն բանից հետո, երբ բժիշկները նրան խորհուրդ են տվել հանգստանալ: Միապետի առողջության վատթարացման մասին լուրերից հետո թագավորական թղթակից Նիկոլաս Վիչելը բրիտանացիներին հորդորել էր պատրաստվել վատթարագույնին:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ապրիլին էլ, կյանքի 100-րդ տարում մահացել էր Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը:
Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում՝ Յորքի դուքսի և դքսուհու ընտանիքում։ Նա Վինձորների դինաստիայի անդամ էր և 1952 թվականի փետրվարի 6-ին դարձավ Բրիտանիայի թագուհի։
Թագադրումը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։
Արարողությանը ներկա են եղել յոթ հազար հյուրեր։ Նրա թագադրումը նաև բրիտանական առաջին իրադարձությունն էր, որը ցուցադրվեց ուղիղ եթերում:
Եղիսաբեթ II-ը կրում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհու, ինչպես նաև Համագործակցության ղեկավարի տիտղոսը։
Կարծիքներ