Սյունիքում բանկոմատը թալանելու փորձ արած զինված և դիմակավորած անձանցից մեկը կրակել է. բանակցությունները 1.5 ժամ են տևել

Սյունիքում բանկոմատը թալանելու փորձ արած զինված և դիմակավորած անձանցից մեկը կրակել է. բանակցությունները 1.5 ժամ են տևել

Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքում տեղադրված բանկոմատներից մեկը փորձում են թալանել։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 2-րդ շենքի առաջին հարկում գտնվող բանկոմատի սրահից դիմակավորված մի քաղաքացի փորձում է դիմել փախուստի և մտնում է այն սրահը, որտեղ բանկոմատն է։

Տեղում պարզվել է նաև, որ ևս 2 դիմակավորված անձինք կան ներսում։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայացել է և պահանջել, որ կասկածյալ հանցագործները հանձնվեն։

Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում նրա ուղղությամբ կրակոց է արձակվել: Մոտ մեկուկես ժամ տևած բանակցությունների արդյունքում կասկածյալներից 2-ը վայր են դրել զենքն ու հանձնվել ոստիկաններին։

Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանք Քաջարան քաղաքի բնակիչներ 28-ամյա Կարեն Բալասանյանը և 30-ամյա Տիգրան Մարկոսյանն են։ Վերջինս իրավապահներին է հանձնել նաև ԱԿՍ տիպի ինքնաձիգը, որը լիցքավորված է եղել 5․45 մմ տրամաչափի փամփուշտներով, պահունակը և «Ջ-1» մարտական նռնակ։

Կասկածյալ հանցագործներից 3-րդին ժամեր անց ոստիկանները նույնպես հայտնաբերել են: Նա Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գալստյանն է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում