«Հայաստան»-ը դեմ կքվեարկի եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար հանելու նախագծին, կանի առաջարկներ

«Հայաստան»-ը դեմ կքվեարկի եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար հանելու նախագծին, կանի առաջարկներ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Երևանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար սահմանափակելու և հանելու վերաբերյալ նախագիծը Կառավարության ներկայացրած տեսքով ընդունելուն, խմբակցությունը դրան դեմ կքվեարկի, նախագծի վերաբերյալ կներկայացնի իր առաջարկները:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հակոբյանը հիշեց, որ, երբ ծրագիրը մեկնարկում էր, պլանավորված էր, որ այն ինչ-որ մի փուլից ավարտվելու է:

«Առաջին, երկրորդ գոտիների համար, անկասկած, անհրաժեշտ է հանել (արտոնությունը-խմբ.): Բայց երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ գոտիների համար առաջարկում ենք դեռ մնա: Չունենալով մարզերի զարգացման հստակ ծրագիր և չունենալով սոցիալական բնույթի այլ ծրագիրը՝ այս ծրագիրը կտրուկ փոխելն, այսօր, մեղմ ասած՝ ճիշտ չէ»,-ասաց Հակոբյանն ու հավելեց՝ կարող են նաև շեմն իջեցնել, բայց Երևանից չհանել:

Ըստ նրա՝ դա բերելու է լրացուցիչ խնդիրների: «Մենք դեմ ենք քվեարկելու այս տեսքով նախագիծն ընդունելուն: Մեր առաջարկները մինչև երկրորդ ընթերցումը կանենք»,-ասաց պատգամավորը:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը , երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում