Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները
Կառավարության այսօրվա նիստում գույք օտարելու վերաբերյալ որոշում կայացվեց: Կառավարությունը վաճառքի կհանի Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով հարցն, ասաց. «Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 դրամով»:
Խնդրին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարության ուղղություններից մեկը ներդրումային գրավչություն ունեցող գույքը մասնավորեցման հանելն է, և դա պետք է անել ծրագրով. «Այսինքն ոչ թե միայն գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որ մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ նախապես հայտնի ներդրումներ են լինելու, կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ: Սրանով նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանում»,-ասաց նա:
Կարծիքներ