1 մլրդ 367 մլն 925 հազար դրամ՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար
ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով: Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումը վերաբերում է 2 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 11 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, ինչպես նաև 8 դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների աշխատանքներին:
«Գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարելու ծավալների ավելացում։ Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետներն ավարտվել են 2023 թվականին, որոշմամբ նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել՝ ծավալների ավելացում կատարելու նպատակով»,-նշել է նախարարը։
Որոշմամբ Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի 10 տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել՝ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է, և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։
Միաժամանակ, Մեդովկայի միջնակարգ դպրոցի և Հագվու հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հաստատությունների՝ շահագործման հանձնվելու հստակ ժամկետներ և պատշաճ տեխնիկական բնութագրեր սահմանելու անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ գործընկերների հետ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ, և որոշման նախագծով նախատեսված բոլոր օբյեկտների շահագործման ժամկետները հստակեցված են՝ ներկայացնելով դրանք:
Անդրադառնալով գույքի տրամադրման հարցերին՝ նախարարն ընդգծել է, որ որոշ տեղերում գույքի գնման գործընթացն իրականացվել է, մյուս տեղերում՝ այն ընթացքի մեջ է. «Պլանավորել ենք, որ մինչև նոր ուսումնական տարին գույքի մասով խնդիրներն ամբողջովին կարգավորված կլինեն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ որոշ մարզական գույքերի տեխնիկական բնութագրերը էապես վերանայվում են, և որակական նոր ու բարելավված պահանջներ են սահմանվում, օրինակ՝ շվեդական պատերի, նստարանների և զուգափայտերի մասով: Նախարարն անդրադարձել է նաև գույքի պատշաճ պահպանման պայմաններին:
Կարծիքներ