Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարերական բնույթ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքները շարունակվում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որ հարցը լուծվի ու գնան երկուստեք ընդունելի տարբերակների»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե որ հարցն է փոխադարձաբար մերժելի, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատանքային խումբը կոմունիկացիաների վերաբացման գործառույթների շրջանակում է գործում և քննարկվող հարցերը տվյալ ոլորտին են վերաբերում: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կողմ փորձում է առավել արդյունավետ և առավել շահեկան դուրս գալ քննարկումների արդյունքում: Նա հավելեց, որ հենց այդ քննարկումների արդյունքում պետք է ի հայտ գան այդ ընդհանրական կետերը, որոնց շուրջ կկառուցվի փոխհամաձայնեցված վերջնական տարբերակը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է Մոսկվայում դեկտեմբերի 1-ին: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարվա վերջ:
Կարծիքներ