Բրիտանական կարգավորողը AstraZeneca-ի պատվաստանյութից հրաժարվելու պատճառ չի տեսնում
Դեղամիջոցների և առողջապահական արտադրանքի կարգավորման բրիտանական գործակալությունը մարտի 18-ին եզրակացրել է, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը չի հանգեցնում թրոմբի առաջացման, ուստի դրա օգտագործումից հրաժարվելու պատճառներ չկան:
«Հասանելի բոլոր տեղեկությունների մանրակրկիտ գիտական ուսումնասիրությունից հետո բրիտանական կարգավորող մարմինը հայտարարել է, որ առկա տվյալները չեն նշում, որ երակներում արյան թրոմբը (երակային թրոմբոէմբոլիա) առաջանում է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութից», – նշված է գործակալության հայտարարության մեջ, որը տեղադրված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում:
Գործակալությունը հայտնել է, որ COVID-19-ը կանխարգելելու հարցում պատվաստանյութի օգուտը զգալիորեն գերազանցում է կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը, ուստի մարդիկ պետք է պատվաստվեն, երբ նրանց այդ մասին ասվի։
Բրիտանական կարգավորող մարմինը նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում պատվաստվածների մոտ երակային թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի դեպքերն արձանագրվել են 1 միլիոնից պակաս մարդու մոտ, իսկ դա կարող է տեղի ունենալ նաև բնական ճանապարհով, և պատվաստանյութի հետ դրա պատճառահետևանքային կապը չի հաստատվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես կողմ է արտահայտվել AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումը շարունակելուն։ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ թրոմբոզը սրտանոթային հիվանդություն է, որը տարածվածությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, և այն մարդկանց մոտ առաջանում է՝ անկախ պատվաստվելուց։
Հիշեցնենք՝ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը այն բանից հետո, երբ պատվաստվածների մոտ թրոմբոզի առաջացման դեպքեր են արձանագրվել։
Կարծիքներ