Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը շարունակելն արդարացում չի ունենա․ Իրանի ԳՇ պետ
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նա նշել է, որ վերջին շաբաթների իրադարձություններով Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ հավելելով, որ բոլոր այդ տարածքներում փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ և ունենան հավասար իրավունքներ։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ Թեհրանը հարգում է և կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Դա այն հարցն է, որ մենք ընդգծել ենք երկու երկրների պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ։ Ուստի, մենք հույս ունենք, որ, հասնելով լիակատար խաղաղության, կովկասյան տարածաշրջանը կդառնա խաղաղության եւ վերակառուցման վկան՝ առանց տարածաշրջանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության։ Դրանից հետո պատերազմի շարունակումն արդարացում չի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոհամադ Հոսեյն Բաղերիի խոսքերը մեջբերել է mehrnews-ը։
Կարծիքներ