Կայացել է «Մոբիլիզացնելով ազգային և միջազգային ջանքերը՝ ազատել Հայաստանն ականներից և չպայթած զինամթերքից» թեմայով համաժողով

Կայացել է «Մոբիլիզացնելով ազգային և միջազգային ջանքերը՝ ազատել Հայաստանն ականներից և չպայթած զինամթերքից» թեմայով համաժողով

Նոյեմբերի 4-ին «ԼԻՆՔՍ» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ «Հարավային Կովկասն առանց ականների» ծրագրի շրջանակներում Հոլիդեյ Ինն հյուրանոցում կայացել է «Մոբիլիզացնելով ազգային և միջազգային ջանքերը՝ ազատել Հայաստանն ականներից և չպայթած զինամթերքից» թեմայով համաժողովը։

Համաժողովին ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը, «ԼԻՆՔՍ» միջազգային կազմակերպության տնօրեն Դենիս Սամուդը, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես նաև՝ ԱԳՆ և մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ,  և այլ շահագրգիռ հասարակական կազմակերպություններ։   

«ԼԻՆՔՍ» միջազգային կազմակերպության տնօրեն Դենիս Սամուդը ներկայացրեց մայիսից իրականացվող «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագրի գաղափարը, որը խթանել է պայթուցիկ մնացորդների վտանգի իրազեկման մակարդակի բարձրացմանը ամբողջ Հարավային Կովկասում։ Նա հավելեց, որ ականազերծումը կարևոր առաքելություն է և հողից ական դուրս բերող յուրաքանչյուր ականազերծողի պետք է հայտնել շնորհակալություն։  

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանն էլ իր ելույթով ողջունեց բոլոր հյուրերին։ Նա կարևորեց համաժողովի գաղափարն ու ներկայացրեց իրավիճակը Հայաստանում՝ կատարված աշխատանքներն ու հետագա պլանները։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին նույնպես կարևորելով աշխատաժողովը, նշեց՝ ականները չեն ճանաչում ոչ մի զինադադար, քանի որ տարածքների աղտոտվածության պատճառով չես կարող գնալ անտառ, արոտավայր։ Անդրեա Վիկտորինը շեշտեց, որ նրանք չեն դադարում աջակցել ականազերծման աշխատանքներին և ձգտում են տեսնել Հարավային Կովկասն առանց ականների։  

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ կարևորեց համաժողովը և ընդգծեց՝ ականզերծումը և մարդասիրական հարցերը չպետք է ունենան քաղաքականություն։

Համաժողովի ընթացքում բոլոր ներկաները, հնարավոր պատահարներից խուսափելու համար, կարևորեցին քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում