ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները:
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,-նշվում է պարզաբանման մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հետևում է իրադարձությունների զարգացմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
«Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով»,-նշել էր Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ Հալեպում կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:
Կարծիքներ