«Մեյմանդար»-ում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ

«Մեյմանդար»-ում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի և 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը  ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:

Նույն  օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը  դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:

Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում