Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ ավելի վաղ քվեարկություն է տեղի ունեցել հարկերի բարձրացումը հաշվի առնող բյուջեի նախագծի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Քաղաքի կենտրոնում լսվում են կրակոցներ ու պայթյուններ, խորհրդարանի շենքից ծուխ է ելնում։
Citizen հրատարակությունը հաղորդում է, որ ցուցարարները հրդեհել են շենքը։
Առավոտից մարդիկ սկսել են հավաքվել քաղաքի գործարար կենտրոնում, որտեղ գտնվում են վարչական հաստատությունները, այդ թվում՝ խորհրդարանը։ Ցուցարարները վանկարկել են նախագահի հրաժարականի պահանջներ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Հաղորդվել է նաև մարտական փամփուշտների կիրառման մասին, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է:
Ըստ CNN-ի՝ հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ Նայրոբիում արցունքաբեր գազից տուժել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քույրը՝ Աումա Օբաման, և նրա դուստրը։
Հավելյալ հարկերի սահմանման դեմ բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 18-ից և տարածվել ամբողջ երկրում։ Հանրահավաքներ են տեղի ունենում Կիսումու, Նյերի, Նակուրու, Էլդորեթ, Քիլիֆի և Մոմբասա խոշոր քաղաքներում։ Բողոքի ցույցերի ընթացքում մահացել է երկու մարդ, առնվազն 200-ը` տուժել։ Ցուցարարները հայտարարում են, որ նորամուծությունը վնաս կհասցնի տնտեսությանը և կբարձրացնի ապրուստի ծախսերը քենիացիների համար, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են հոգում առօրյա կարիքները:
Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարների կաբինետի քարտուղար և երկրի արտգործնախարար Մուսալիա Մուդավադին, օրենքի չընդունման դեպքում կարող է նախագահին անվստահության քվե հայտնելու և կառավարության հրաժարականի գործընթաց սկսվել։
Կարծիքներ