Նադալը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Նադալը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Australian Open-ի այս տարվա հաղթողը՝ եզրափակչում շատ համառ պայքարում առավելության հասնելով ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։ Ի դեպ, առաջին երկու սեթում Նադալը պարտվում էր, բայց կարողացավ անհավանական քամբեքի հեղինակ դառնալ։ Արդյունքում, 35-ամյա Նադալը 5 ժամ 28 րոպեում 2:6, 6:7 (5:7), 6:4, 6:4, 7:5 հաղթեց Մեդվեդևին, գրում է armsport.am-ը։ Կայքի տվյալով՝ մինչ այս Նադալը միայն մեկ անգամ էր հաղթել Մելբուրնում՝ 2009 թվականին։

Այս հաղթանակի շնորհիվ Նադալը Մեծ սաղավարտի մրցումներում տարած հաղթանակների քանակով նոր ռեկորդ սահմանեց։ Իսպանացին դարձավ առաջին թենիսիստը, որը 21 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցումների հաղթող։

Ավստրալիայի Բաց առաջնության նախորդ տարվա հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն էր։ Եզրափակչում նա 7:5, 6:2, 6:2 հաշվով հաղթել էր հենց Մեդվեդևին։ Այս տարվա առաջնությանը Ջոկովիչը չկարողացավ մասնակցել վիզայի հետ կապված սկանդալի և երկրից արտաքսվելու պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում