Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում այն կնվազի 30 տոկոսով․ համակարգը կսկսի գործել ապրիլի 5-ից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝
-Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով:
Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):
Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։
15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված կլինի տուգանքի նվազեցման տոկոսայնությունը։
Համակարգը գործելու է ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների դեպքում։
Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ