Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Տիգրան Մկրտչյան
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է.
«Այսօր՝ մայիսի 19-ին, մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը:
Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ., ավելի քան 350000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2015 թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը:
Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները:
Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։
«Այլևս երբեք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը:
Հիշում ենք և խոնարհվում»:
Կարծիքներ