Վլադիմիր Վարդանյանը համարում է, որ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ինքնանպատակ
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավատում է ընդդիմության արդար մղումներին՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցում, սակայն կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է ինքնանպատակ լինել. Պատգամավորն ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ակտիվ ներգրավվել արդեն իսկ գործող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում:
Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ օգոստոսի 6-ի նիստում:
Վարդանյանն արձանագրեց, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը գործում է՝ խորհրդարանների նախագահների մակարդակով: «Եթե այդ հանձնաժողովի աշխատանքներն ուզում ենք ակտիվացնել, ապա պետք է առավել ակտիվ ներգրավվենք այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ: Միջհանձնաժողովային շփումների մակարդակով մենք բազմում հանդիպումներ և համատեղ նիստեր ենք ունեցել, համատեղ որոշումների կայացման և իրագործման տեսանկյունից միջխորհրդարանական համագործակցության ֆորմատը չափազանց կարևոր է»,-ասաց նա:
Վարդանյանը նկատեց՝ ընդդիմության առաջարկած հանձնաժողովն, ըստ էության, իր առանձին ոլորտը չի ունենալու: «Շատ դեպքերում Արցախին վերաբերող ֆինանսավարկային կամ քաղաքական հարցերով մենք ստիպված դիմելու ենք գործընկերների այլ հանձնաժողովներից: Շատ դեպքերում կարող է իրավիճակ ստեղծվել, որ ինքնանպատակ է դառնում այդ հանձնաժողովի ստեղծումը»,-ասաց Վարդանյանն ու հավելեց, որ ինքն ինքնանպատակ հանձնաժողով չի ցանկանում տեսնել:
Նա հավելեց՝ հասկանում է խնդրի կարևորությունը, այն, թե ինչքան կարևոր է բոլորի համար շատ ավելի աչալուրջ զբաղել Արցախի հարցերով: «Բովանդակության առումով մենք իրար հետ համաձայն ենք: Ձևի առումով պետք է ընտրենք առավել արդյունավետ ձևը և ընթանանք առաջ»,-ասաց Վարդանյանը:
Նա հավատացրեց, որ հասկանում է ընդդիմության արդար մղումները՝ առավել ակտիվ լինելու և ընդգրկված լինելու Արցախի հարցում, վստահեցրեց, որ իշխանությունն ու նրանք այդ հարցում դաշնակիցներ են, բայց ձևի հետ կապված պետք է լրացուցիչ քննարկումներ ունենան: Ըստ իշխանության՝ այդ հանձնաժողովի ստեղծում մատնանշվող հարցերը չի լուծում:
«Մենք շարունակում ենք պայքարել և պայքարելու ենք, որպեսզի և Արցախի ժողովուրդն ապահովի իր ինքնորոշման իրավունքը և մենք ունենանք Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծում»,-ասաց նա:
Կարծիքներ