ՔԿ-ն ավարտել է «Հարսնաքար»-ի գործով մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանա-հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված՝ Երևանի 30-ամյա բնակչի վերաբերյալ մասի նախաքննությունը: FreeNews-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, 2016թ. հունվարի 20-ից մինչև նույն թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում փաստացի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրով ստացել է ընդհանուրը՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, 39.030.000 ՀՀ դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց «Նորալուսին» ՍՊ ընկերության սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերություն հիմնադրելու համար, իսկ մնացած գումարով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՝հայր և որդի Հայրապետյանները, տեղեկանալով կատարվածի մասին, նպատակադրվել են նշված վարկային գումարները մարել ընկերության տնօրենի և նրա ընտանիքի անդամների միջոցներով, այդ թվում՝ իրենց պատկանող ՍՊ ընկերության համար ծախսված վարկային միջոցների վճարման պարտավորությունը նրա և ընտանիքի անդամների վրա դնել և այդ կերպ, շահադիտական դրդումներով, իրենց գույքն ուրիշի հաշվին անհատույց ավելացնելով, գույքային օգուտ ստանալ՝ իրենց նպատակին հասնելու համար ներգրավելով կրտսեր Հայրապետյանի ընկերներին:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 30-ամյա տղամարդը և Ռաֆիկ Հայրապետյանի մյուս ընկերները, Հայրապետյաններից ստանալով ՍՊ ընկերության տնօրենից 57.500.000 ՀՀ դրամ գումարը ցանկացած տարբերակով վերցնելու հանձնարարություն, ինքնիրավչության եղանակով այն ստանալու նպատակով, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, «Հարսնաքար» ռեստորանա-հյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, իր կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են նրան և տևական ժամանակ պարբերաբար նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքներով, դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, հարկադրել են նրան և ընտանիքի անդամներին վերադարձնել նշված գումարը:
«Արդյունքում Հայրապետյանների օգտին փոխանցվել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, տնօրենի տատին պատկանող առանձնատունը, նրա ընտանիքին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ընդհանուր 4 253 450 ՀՀ դրամի տարբեր արժողության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա»,- հայտնում են ՀՀ ՔԿ-ից՝ հավելելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Կարծիքներ