Քաղաքացիները մեզ տվել են մանդատ` ապահովելու ՀՀ ապագան, և այն պետք է իրացվի անմնացորդ․ վարչապետ
Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:
Այս մասին ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:
Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:
Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում:
Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն:
Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»,- ժողովրդին դիմեց վարչապետը:
Կարծիքներ