Շրջանառության է դրվել ռազմամարզական գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները սահմանող նախագիծ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը շրջանառության է դրել «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վիլեն Գաբրիելյանը:
Նախագծով առաջարկվում է սահմանել ռազմամարզական գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները և ուղղությունները, կարգավորել ռազմամարզական կազմակերպությունների գործունեությունը, իրավունքները և պարտականությունները, կազմակերպության և պետական մարմինների միջև փոխգործակցությունը, ստեղծել ռազմամարզական կազմակերպությունների միություն:
«Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ և փորձագետներ, ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Նախագիծը համահունչ է և ի նպաստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով հաստաված կամավորության խթանման, առողջ ապրելակերպի, զինծառայության արհեստավարժության ռազմավարական միջոցառումներին:
Սահմանված կարգով ընդունվելուց հետո նախագիծն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից»,- գրել է Գաբրիելյանը:
Կարծիքներ