Շիրակի մարզպետը առողջապահության փոխնախարարի հետ հետևել է պատվաստման գործընթացին
«Պատվաստումային գործընթացին ակտիվություն հաղորդել է պետք, բնակչությանն էլ՝ հորդորել սեփական առողջությունը պահպանելու համար պատվաստվել»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ «Գյումրի» բժշկական կենտրոնում տեղակայված շարժական կայանի աշխատանքների ընթացքին հետևելիս։
Մարզպետը, նախարարի տեղակալն ու առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը շրջել են Գյումրու մի շարք բուժհաստատություններում, մասնավորապես, պոլիկլինիկաներում հետևել են COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների աշխատանքներին, անդրադարձել ու կարևորել են առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ընդգրկուն աշխատանքների իրականացումը։
Լրագրողների հետ զրույցում նախարարի տեղակալը նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար, երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն պատվաստումներին բարձր ընդգրկվածություն, քանզի պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։
Կարծիքներ