Թուրքիայում հնարավոր են համարել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը մինչեւ աշուն
Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող Է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ եւ նույնիսկ սեպտեմբերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է այս ճյուղի մի աղբյուր:
Ռուսաստանն ապրիլի 15-ից անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Մայիսի վերջին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել Էր սահմանափակումները մինչեւ հունիսի 21-ը երկարացնելու մասին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունում, ռուսաստանցի փորձագետների պատվիրակությունը հունիսի 17-ին ժամանել Է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը տուրիստական օբյեկտներում:
«Թուրքական տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը: Հուլիսի կեսերից, օգոստոսից ոչ շուտ, նույնիսկ սեպտեմբերին»,-գործակալությանն ասել Է աղբյուրը: Նրա խոսքով, Թուրքիա ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը ցույց են տալիս այն ամենը, ինչ նա ցանկանում Է տեսնել, նույնիսկ այն, ինչը չկա ծրագրում:
Նա հավելել Է, որ թուրքական կողմը վստահ Է տուրիստական օբյեկտների անվտանգության հարցում, բայց դեռ չի տեսնում ավիահաղորդակցությունն արագ վերսկսելու ՌԴ-ի պատրաստակամությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել Էր «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը, ռուսաստանցի փորձագետներն ուղեւորվում են Թուրքիա՝ կորոնավիրուսային վարակի հետ կապված իրադրությունը գնահատելու համար, արդյունքների ամփոփմամբ որոշումներ կընդունվեն ավիահաղորդակցության վերսկսման վերաբերյալ: Փորձագետները կգնահատեն կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը, անցկացվող հակահամաճարակաբանական միջոցառումները եւ Թուրքիայի տուրիստական ուղղություններում զբոսաշրջիկների առողջության պահպանման միջոցառումները, ճշտել են գերատեսչությունում:
Կարծիքներ