Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կշարունակի իր ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ:Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կծառայի որպես պետական նախարարի խորհրդական:
«Այն՝ ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում»,-գրել է նա:
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար, ինչպես նաև պետական նախարարի աշխատակազմին և իր բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար:
«Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև: Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ ասուլիսով»,-նշված է Բեգլարյանի գրառման մեջ:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իր խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով:
«Թեև ես ինքս ամբողջությամբ չեմ գոհ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը: Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները»,-նշել է նա:
Կարծիքներ