Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը
Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշը:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է մարդասիրական նկատառումներով հրադադարի ռեժիմի սահմանումը, եւ մենք կրկին խորին մտահոգություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ այն չի պահպանվում: Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական շրջանների շարունակվող հրետակոծությունը: Ցավակցություն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմն ու որքան հնարավոր է շուտ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Վճռականորեն կոչ ենք անում կողմերին ԿԽՄԿ-ին անհապաղ հասանելիություն տրամադրել, քանի որ ԿԽՄԿ-ն ձգտում է թեթեւացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը նախկինի պես հստակ հասկացրել է, որ ԼՂ-ում իրավիճակի ռազմական լուծում չի կարող լինել: Կողմերին կոչ ենք անում առարկային բանակցություններ սկսել Մինսկի խմբի հովանու ներքո:
Մինսկի խումբը հիմնական ձեւաչափն է, որի շրջանակում պետք է կարգավորվի հակամարտությունը: Եվս մեկ անգամ հաստատում ենք Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Մինսկի խմբի համանախագահներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ