Մարդու իրավունքների պաշտպանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Պաշտպանին ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ»:
«Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը, ոչ միայն զրկվել է հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու ելքից, այլև խոչընդոտվել է այն նախագծերի իրականացումը, որոնցով ՀԿ-ն նախատեսում է Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում ստեղծել կանաչ ու մշակութային միջավայր:
Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա տեղում ծանոթացել են խնդրին: Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Պարզվել է, որ «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպությունը խնդրի կապակցությամբ դիմել է տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն: Ավելին՝ շենքի պարագծով գտնվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, սակայն վերջինիս պատասխաններից պարզ չէ, թե Կինոյի տան հարակից տարածքը համայնքային, թե մասնավոր սեփականություն է: Այս պատճառով կազմակերպության համար անհասկանալի է, թե որ պետական մարմինն է իրավասու իր կողմից բարձրացված խնդրի քննարկման և կարգավորման հարցում:
Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քանդված թեքահարթակի փոխարեն կառուցված երկու թեքահարթակները (շենքի դիմային հատվածում և գլխավոր մուտքի աստիճանների) մատչելի, հարմար և անվտանգ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում, որ Կինոյի տան գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքը մատչելի, հարմար և անվտանգ կերպով՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության և խտրականության:
Խնդրի կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով գրություններ կհասցեագրվի իրավասու պետական մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:
Կարծիքներ