Պուտինը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասին

Պուտինը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է՝ ներարկում ստանալով ձախ ձեռքին, որտեղ դրանից մի քանի ժամ անց զգացել է անհարմարություն: Երկրի ղեկավարը նաեւ խոստովանել է, որ երեք օրով հրաժարվել է մարզվելուց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում նախագահը կիսվել է պատվաստման առաջին ներարկումից ստացած տպավորություններով, որը կատարվել է մարտի 23-ին: Հարցին՝ ինչ է նա զգացել պատվաստումից հետո, նախագահը պատասխանել է՝ «գրեթե ոչինչ»:

«Առաջին հինգ ժամվա ընթացքում իսկապես ոչինչ, որից հետո ձախ ձեռքս բարձրացնելիս զգացել եմ ինչ-որ անհարմարություն»,-խոստովանել է նախագահը՝ հավելելով, որ մի քանի օր անց ներարկման տեղը սեղմելիս «փոքր-ինչ զգացվում էր»: «Սակայն դրանք են եղել միակ կողմնակի ազդեցությունները»,-ընդգծել է Պուտինը:

«Ես ամեն դեպքում քնելուց առաջ (պատվաստման օրը) ինձ մոտ թողել էի ջերմաչափ: Առավոտյան ինձ թվաց՝ փոքր-ինչ ջերմում եմ, սակայն չափելուց հետո ջերմությունը նորմալ էր»,-կիսվել է նախագահը: Նա խոստովանել է, որ «երեք օր սպորտով չի զբաղվել՝ ոչ հոքեյ է խաղացել, ոչ այցելել մարզասրահ, ոչ էլ լողավազան»:

Պուտինը համարում է, որ ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անհրաժեշտ է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատվաստվել ինքնավստահ զգալու եւ հիվանդության ծանր հետեւանքներից խուսափելու համար:

«Գլխավորն այն է, որ դա իսկապես անհրաժեշտ է՝ ըստ իս: Եթե մարդ ցանկանում է ինքնավստահ զգալ, չի ցանկանում հիվանդանալ եւ ունենալ հիվանդության ծանր հետեւանքներ, ապա ավելի լավ է, իհարկե, պատվաստվել»,-հայտարարել է երկրի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում