Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է. Ա. Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք եվրոպական երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը նախագահին հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերի, սփյուռքի աջակցության մասին:
Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես ինչ ես անում և միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում և վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է և ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի՝ հույսով չեմ ապրում, այլ՝տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:
Կարծիքներ