Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին:
«Մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները
30 օրացուցային օրվա ընթացքում:
Ընդ որում՝ նշված դեպքերով Հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել տնտեսվարողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսի չափով:
Հիշեցնենք, որ օրենսդրական բարեփոխումները մշակվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ