ՏԿԵ նախարարը՝ Իրանի կողմից հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե Իրան մտնող հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի ինչ փոփոխություն է տեղի ունեցել:
Նախարարը նշեց, որ այդ մասին հրապարակումները սկսել են տարածվել մայիսի 10-11-ին, երբ Հայաստանում տեղի էին ունենում միջկառավարական հայ-իրանական հանդիպումները և աշխատանքները:
«Գոյություն ունեն երկու կողմից սահմանված տուրքեր, և իրանական կողմը կիրառում է մոտ 240 դոլար, և իրենք առաջարկում են 240 դոլարը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվեն, և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ. «Մեկը ճանապարհային վճարի մասին է խոսքը, որը բավական ժամանակ կա և դեռ քննարկվում է՝ կիրառելու հետ կապված, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները քննարկել են երկու երկրների միջև տուրքերը զրոյացնելու և իրար նկատմամբ նման ֆինանսական միջոցներ չկիրառելու և ավելի ազատականացնելու, խթանելու բեռնաշրջանառությունը»:
Նա նշեց, որ այդ քննարկումների ֆոնին իրանական գործընկերներին խնդրել են այժմ գործող կարգավորումներում ոչինչ չփոխել մոտավորապես մեկ ամիս, մինչև որոշում կայացվի:
Կարծիքներ