«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված տղամարդն Աբովյանի եկեղեցու տարածքից մեքենա է գողացել
Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հանգուցալուծումը տվել են Երևան քաղաքի գնդի պարեկները՝ մայրաքաղաքում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Այդ օրը, ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սահակ Ա.-ն և հայտնել, որ 5 րոպե առաջ Աբովյան քաղաքում, եկեղեցու դիմացից գողացել են իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան:
Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու բակից գողացել է իր կողմից կայանված, իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը կրել է 1 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: Կատարված ավտոմեքենայի գողության մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը Հանրապետությունում հայտարարում է ավտոհետախուզում:
Երևանի պարեկները «Մայիսի 9»-ի փողոցում նկատել են կասկածելի ավտոմեքենան և ստուգման նպատակով կանգնեցրել:
Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Վարազդատ Հարությունյանը, ով տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Եղել է ոչ սթափ և խոստովանել է, որ «հարբած» վիճակում ինքն է գողացել ավտոմեքենան:
Վարազդատ Հ.-ն և գողացված ավտոմեքենան ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Կարծիքներ