ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ընթացող զարգացումները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները:
Կարևորվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։
ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դադարեցնել առավելապաշտական և ռազմատենչ հռետորաբանությունը։
Կարծիքներ