Երևանում և Հայաստանի 6 մարզում արդիականացվել է 23 օդերևութաբանական կայան

Երևանում և Հայաստանի 6 մարզում արդիականացվել է 23 օդերևութաբանական կայան

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։

ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից իրականացվում է «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։

Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով:

Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

 

Հայաստանում փաստացի գործող 47 կայաններից 23-ը արդիականացվել են ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ Երևանում և ՀՀ վեց մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց Ձոր, Արմավիր և Արարատ:

Ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների ծրագրային բազան:

Տեխնիկապես արդիականացվել և կահավորվել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ ՊՈԱԿ) դասընթանցների կենտրոնը

ՀՄԿ աշխատակցիների համար անց է կացվել երեք առցանց դասընթաց` ուղղված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:

ՀՄԿ կարողությունների զարգացման նպատակով տրամադվել է հինգ գերժամանակակից համակարգիչ` GIS քարտեզագրումների համար, MAVIC PRO 2 տիպի դրոն և RTK քարտեզագրման թվային համակարգ, որը հնարավորություն կտա հավաքել և մշակել տվյալներ անտառների, ջրամբարների ռիսկերի և GIS քարտեզագրման վերաբերյալ:

Օդերևութաբանական կայանների անվտանգության ապահովման համար «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին են տրամադրվել վեբ տեսախցիկներ ։

Տրամադրվել է նաև տվյալների պահպանման համար 1 սերվեր և UPS։

ՄԱԶԾ փորձագետի կողմից ՀՄԿ ՊՈԱԿ-ի համար իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել հաշվետվություն՝ «Հակակարկտային համակարգերի համեմատական վերլուծություն՝ ՀՀ պայմաններում կիրառելու համար» թեմայով։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում ավելի հաճախ կիրառելի հակակարկտային համակարգերը, որի հիման վրա մշակվել են առաջարկություններ՝ ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտը կարկուտի ազդեցությունից պաշտպանելու համար ավելի արդյունավետ հակակարկտային պաշտպանական համակարգ որոշելու համար։

Հանդիպման ընթացքում նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը։ Նախարարը հույս հայտնեց, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և որ դրա իրականացումը կնպաստի հիդրոօդերևութաբանական դիտարկման համակարգի արդիականացմանը։

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար մշակվող «Անտառային հրդեհների կառավարման, ներքին և արտաքին ազդարարաման համակարգի ներդրման» ծրագիրը, ինչը հնարավորություն կնձեռի Low Range համակարգային կայանների տեղադրման միաջոցով կապ ապահովել կապ Խոսրովի ողջ տարածքում։ Միևնույն ժամանակ մշակված համակարգը հնարավորություն կնձեռի անտառային հրդեհների չորս հիմնական դերակատարների միջև՝ անտառտնտեսություն, փրկարար ծառայություն, համայնքապետարան և համայնքային կամավորներ, ստեղծել համագործակցային մեխանիզմ և փորձարկել այն՝ նպատակ ունենալով հետագայում այն տարածել այլ անտառամերձ բնակավայրերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում