Ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է 2022 թվականին Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
ԱՄՆ-ում հայտնել են, որ Ռուսաստանը 2022 թվականի առաջին շաբաթներին հարձակման է նախապատրաստվում Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում են Associated Press-ը (AP) և The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։
Հետախուզական տվյալների համաձայն՝ ներխուժմանը կարող է ներգրավվել մինչև 175 հազար ռուս զինծառայող, որոնց կեսն արդեն Ուկրաինայի սահմանին է։ Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է մոտ ժամանակներս ուկրաինական սահման տեղափոխել 100 գումարտակային մարտավարական խմբեր՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ տեխնիկայի հետ միասին։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հարձակվելու է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, դրա համար սահմանին արդեն կենտրոնացված է 92 հազար զինվործառայող։ Նրա խոսքով, ներխուժումից առաջ Ռուսաստանի կողմից կլինեն Ուկրաինան ապակայունացնելու նպատակով մի շարք հոգեբանական գործողություններ։
Կարծիքներ