Խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով. Եվրոպայի հայերի համագումարը միասնության կոչ է արել
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում լինել համախմբված և համերաշխ՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, անհրաժեշտ է արժանին մատուցել արցախյան պատերազմում անմահացած նահատակ հերոս տղաների հիշատակը:
«Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր գտնվում են մեր պատմության ամենածանր պահերից մեկում: 100 միլիոնանոց նենգ ու դավադիր թուրք–ադրբեջանական թշնամու համատեղ ուժերը, նրանց աջակցող իսրայելական եւ տասնյակ այլ երկրների աջակցությամբ, միջազգային ահաբեկչական հազարավոր ուժերի մասնակցությամբ, եվրոպական, ամերիկյան և այլ պետությունների ղեկավարների մեղսակից լռությամբ եւ թողտվությամբ մեզ պարտադրեցին այս պատերազմը: Մեր քաջարի բանակը անհավասար մարտերում 44 օր հերոսական աննկարագրելի դիմադրություն ցուցաբերելով՝ կատարեց հնարավոր ու անհնարին ամեն բան: Այսօր, առաջացած ներկա պայմաններում մեզ հարկավոր է դարձյալ համախմբվածություն եւ համերաշխություն՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, որպեսզի հնարավոր լինի արժանին մատուցել մեր անմահացած նահատակ հերոս տղաների հիշատակին, որպեսզի հնարավոր լինի վերակազմավորվելու, անցյալի սխալներից դասեր քաղելու եւ նոր ու գիտակցված հիմքերի վրա դնելու Հայաստանի ու Արցախի ապագան, որը անկասկած լինելու է վառ ու լուսավոր»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում պետական հեղաշրջման փորձերին՝ կոչ անելով լինել զգոն եւ ուշադիր, չտրվել սադրանքներին եւ հավելյալ էմոցիաներին: Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է բռնության, բախումների, պետական գույքի ոչնչացման, գողությունների և նման ամեն տեսակի խուլիգանական քայլերը:
«Հասարակությունը արդարորեն վրդովված է եւ սպասում է իր հարցերի պատասխաններին: Այդ պատասխանները բնականաբար լավագույն կերպով կարելի է ստանալ սթափ եւ խաղաղ մթնոլորտում՝ ուր տիրում է համազգային միասնականությունը եւ համախմբում պետության շուրջ: Հարկավոր է միասնականությամբ եւ հավատով պաշտպանել հայրենիքն ու նրա ազատ ու ինքնիշխան ապրելու իրավունքը: Մենք դեռ շատ բան ունենք անելու: Այս անգամ առավել գիտակցված եւ անցյալի սխալներից եւ թերացումներից իրական դասեր քաղելով: Հարկավոր է պատժել ռազմական իրադրության մեջ ամեն մի դավադիր ու մեր միասնությունը խաթարող հակապետական ուժերին եւ անհատներին: Ներքաղաքական խնդիրները եւ ամեն ինչ լուծել քաղաքակիրթ եղանակով, սառը դատողությամբ՝ բանականության եւ օրենքի սահմաններում»,-ասված է հայտարարությունում:
Կարծիքներ