Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Կառավարությունը հավանություն է տվել վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխություններին, որոնք ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Փոփոխություններից առաջինը նախատեսում է ավտոմատ փոխգործակցություն «Արմեդ» համակարգի հետ։ Այդպիսով, թմրաբանական կամ հոգեբուժական հաշվառման վերաբերյալ տվյալները կստուգվեն ինքնաշխատ եղանակով, ինչը թույլ կտա կանխել նման անձանց վարելու իրավունք ստանալը կամ անհրաժեշտության դեպքում դադարեցնել այն։

Երկրորդ փոփոխությամբ տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Նախարարի խոսքով՝ սա քաղաքացիներին ավելի մեծ հնարավորություն կտա հանգիստ նախապատրաստվել գործնական քննությանը և ընտրել հարմար օր։

Երրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննության հարցաշարերին։ Դրանք կվերանայվեն այնպես, որ յուրաքանչյուր կարգի վարորդական իրավունքի համար ներառվեն միայն տվյալ տրանսպորտային միջոցին վերաբերող հարցեր։

Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։

Նախարարն անդրադարձել է նաև վարորդական իրավունքից վարչական կարգով զրկված անձանց իրավունքի վերականգնման նոր ընթացակարգին՝ նշելով, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոփոխությունները և նշել, որ դրանք վերաբերում են միայն վարչական կարգով վարորդական իրավունքից զրկվածներին, ոչ թե դատարանի վճռով իրավունքից զրկված անձանց։ Նրա խոսքով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը պետք է շարունակի մնալ առաջնահերթություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում