Դանիել Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։
Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ մարզերի որոշ համայնքներում գործող մշակույթի, արվեստի կրթօջախներին և ժամանցի վայրերին, երիտասարդության ոչ ֆորմալ կրթության հետ կապ ունեցող ենթակառուցվածքներին և շենքային պայմաններին՝ առաջիկայում նոր հայեցակարգով համայնքային կենտրոնների հիմնադրման հնարավորության գնահատման համար։
Նախարարի տեղակալը Վայոց ձորի մարզպետարանում աշխատանքային քննարկում է ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են մարզի մշակութային, երիտասարդական, թատերահամերգային, սպորտային, գրադարանային ենթակառուցվածքների վիճակը, ինչպես նաև քննարկվել տարբեր համայնքներում դրանց վերանորոգման, նոր հայեցակարգով գործարկման և շահագործման հնարավորությունները։
Դանիել Դանիելյանը կարևորել է մարզերում կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերի ու հնարավորությունների հասանելիության ապահովումը. «Այն, ինչ հասանելի է մայրաքաղաքի բնակչին, հավասարապես պետք է մատչելի լինի նաև մարզային բնակչին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է համայնքային համապատասխան ենթակառուցվածքների լուրջ ուսումնասիրություն իրականացնել, գնահատել առկա ռեսուրսները և դրանց հիման վրա ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած տարիքի բնակիչ կկարողանա կրթվել և ապահովել մշակութային ժամանցը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր ձևաչափով միջավայր ստեղծելու համար առկա հնարավորությունները և դրա ապահովման համար անհրաժեշտ քայլերը:
Այնուհետև Դանիել Դանիելյանն այցելել է Եղեգնաձորի մշակույթի տուն և մարզային գրադարան:
Վայքում և Ջերմուկում նախարարի տեղակալն աշխատանքային քննարկումներ է ունեցել երկու համայնքների ղեկավար կազմերի հետ։ Վայքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Վայքի մշակույթի տան, Խ. Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի անձնակազմերի հետ, իսկ Ջերմուկում՝ Ջերմուկի երիտասարդական կենտրոնի աշխատողների, Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի և քաղաքային գրադարանի ներկայացուցիչների հետ։ Մարզի արվեստի դպրոցների ղեկավարության հետ քննարկվել են մարզում մեկ մասնագիտացված երաժշտական և արվեստի դպրոց հիմնադրելու հնարավորությունները, ինչպես նաև արվեստի դպրոցները որակյալ մասնագետներով համալրելու խնդիրը։
Ջերմուկից հետո Դանիել Դանիելյանն այցելել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ ունենալով Կապանի մշակույթի տանը, Կապանի արվեստի պետական քոլեջում, Դրամատիկական թատրոնում, որտեղ նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի վերափոխման, շենքային պայմանների բարելավման նոր նախագծին, քննարկել երևանյան և մարզային թատերախմբերի փոխայցելությունների հնարավորությունները և այլն։
Քաջարանում շրջայցի ժամանակ Դանիել Դանիելյանին տպավորել են մշակույթի պալատի և արվեստի դպրոցի շենքային գերազանց պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը։ Մշակույթի պալատում նախարարի տեղակալին ներկայացվել են համայնքի բնակիչների համար իրականացվող մշակութային կրթական և ժամանցային ծրագրերը, շահառուների թիվը և այլն։ Արվեստի դպրոցում Դանիել Դանիելյանը ծանոթացել է դպրոցի կողմից մատուցվող ծառայություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային նվագարանների բաժնին, ունկնդրել դպրոցի սաների ելույթները։
Մեղրի, Ագարակ և Շվանիձոր կատարած այցելությունների ժամանակ նախարարի տեղակալն այցելել է մշակույթի տներ` յուրաքանչյուր տեղում մանրամասն ծանոթանալով այդ տների շենքային պայմաններին, կարծիքներ փոխանակել կառույցների պատասխանատուների հետ։
Կարծիքներ