ԵՏՄ երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ նախարար

ԵՏՄ երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ նախարար

Նախնական ցուցանիշներով՝ 2021 թվականին 5․8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որն ավելին է, քան պլանավորվել էր 2021 թվականի համար, բայց պակաս է կառավարության ցանկություններից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ այս առումով մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- հավելեց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց․ «Այո, մեր ցանկությունները շատ ավելին են, քան ցուցանիշները, որոնք արձանագրվել են։ Բայց ես նախնական տվյալներ եմ հանել նաև մեր նույն ակումբում գտնվող երկրների տարեկան ցուցանիշների վերաբերյալ։ Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4․4-4․5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8․4 տոկոսի չափով։ Բելառուսում տնտեսական ակտիվությունը եղել է 2․3 տոկոս, իսկ գնաճը՝ 10 տոկոս։ Ղազախստանում տնտեսական աճը եղել է 3․5 տոկոս, գնաճը՝ 8․4 տոկոս։ Ղրղզստանում տնտեսական աճը եղել է 3․6 տոկոս, իսկ գնաճը՝ 11․2 տոկոս։ Եվ մեր երկրում 5․8 տոկոս տնտեսական աճ է գրանցվել և 7․7 տոկոս գնաճ։ Այսինքն՝ մենք մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սա ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք դրական առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում