Նստել սեղանի շուրջ, չհրահրել բախումներ. ՌԴ պատգամավորի անդրադարձը ՀՀ ԱԺ ընտրություններին

Նստել սեղանի շուրջ, չհրահրել բախումներ. ՌԴ պատգամավորի անդրադարձը ՀՀ ԱԺ ընտրություններին

Հայաստանի քաղաքացիները, որոնք քվեարկել են խորհրդարանական ընտրություններին, հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին: Հակառուսական ուժերը չեն հավաքել նույնիսկ 1 տոկոս ձայն: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ մինչև կեսօր արդեն մասնակիցների շրջանում բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել, նույնիսկ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել: Նրա կարծիքով, ընտրողների համար գլխավոր հարցերից է եղել սոցիալ-տնտեսական, քաղաքական ուղղությամբ ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելը: Նրանք այն մարդիկ են, որոնք քվեարկել են այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:

Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ պարտված կուսակցությունները պետք է իրենց համար դժվար որոշում ընդունեն ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Պետք է նստել սեղանի շուրջ, մարդկանց չհանել փողոց, չհրահրել բախումներ, այլ նստել և պայմանավորվել ի նպաստ Հայաստանի»,-նշել է պատգամավորը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմն է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։ 53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում