Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն «Fly One Armenia» ավիաընկերությունն է դիմել․ ՀՀ Քաղավիացիա

Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն «Fly One Armenia» ավիաընկերությունն է դիմել․ ՀՀ Քաղավիացիա

ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն դեպի Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:    

Zarkerak.am-ին կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաջանյանը տեղեկացրեց, որ չարթերային թռիչքներ իրականացնելու համար դիմել է միայն «Fly One Armenia» ավիաընկերությունը: Հայտը ստացվել է երեկ երեկոյան և այս պահին դեռ քննարկման փուլում է:

«Թռիչքների իրականացման որևէ սահմանափակում չկա, քանի որ թե մեր օդային տարածքն է բաց ցանկացած երկրից իրականացվող ցանկացած թռիչքի համար, թե Թուրքիայի օդային տարածքն է փաստացի բաց մեզ համար: Որևէ սահմանափակում կամ խոչընդոտ այդ թռիչքներն իրականացնելու համար չկա: Եթե որևէ սահմանափակում լիներ, ապա այդ սահմանափակումների մասին հատուկ ընթացակարգով և ձևաչափով պետք է հրապարակվեր: Ինչ վերաբերում է ներկայացված հայտնին, ապա այն համապատասխան ընթացակարգերով կուսումնասիրվի»:

Հատկանշական է, որ չնայած, որ երեկ թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել էր, որ թուրքական բյուջետային «Պեգասուս» (Pegasus) ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, սակայն թուրքական ավիաընկերությունից դեռևս որևէ պաշտոնական հայտ Հայաստանը չի ստացել:

Աղաբեկյանն ընդգծեց, որ որևէ ընկերություն չի կարող թռիչքներ իրականացնել, եթե չի դիմել կոմիտե ու համապատասխան թույլտվություն չի ստացել: «Անգամ տևական ժամանակ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները դիմում են որոշակի սեզոնի թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ցանկացած ավիաընկերություն պետք է այդ հայտը ներկայացնի, քանի որ այդ հայտն իր մեջ ներառում է բազում գործընթացներ, որոնք կոմիտեն իրականացնում է»:

Նշենք, որ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նախoրեին հայտնել էր, որ չվերթեր իրականացնլու համար դիմել են ոչ միայն հայկական, այլև թուրքական պատկան մարմիններին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում որևէ խոչընդոտ չի տեսնում երկու երկրների միջև թռիչքների իրականացման առումով, քանի որ մեր նպատակը օդային ուղիների աշխարհագրության ընդլայնումը և ուղևորահոսքերի ավելացումն է: «Նախկինում էլ Թուրքիայի հետ հաղորդակցություն եղել է, միայն 2,5 տարի է, որ չկա ուղիղ հաղորդակցություն, հիմա էլ որևէ խոչընդոտ չենք տեսնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի մեջև դեռևս կարգավորված չեն դիվանագիտական հարաբերությունները, չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, հետևաբար, թռիչքները հնարավոր կլինի իրականացնել ոչ կանոնավոր կերպով, այսինքն, լինելու են չարթերային չվերթեր»:

Հայտը դեռևս ուսումնասիրվում է քաղավիացիայի կողմից: Սոնա Հարությունյանը նշեց, որ ինչպես հայտերի ընդունման, այնպես էլ դրանց քննության համար որևէ ժամկետ չկա:

Նշենք,որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից երեկ հայտնել էին, որ թուրքական կողմը հաստատել է շաբաթական երեք անգամ դեպի Երևան թռիչքներ իրականացնելու «Պեգասուս» ավիաընկերության դիմումը: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Հայաստանից Fly One Armenia, Armenian Airlines, Aircompany Armenia ընկերություններն են հայտ ներկայացրել դեպի Թուրքիա թռիչքներ սկսելու համար, դիմումների քննարկումն ընթացքի մեջ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում