Մերկելը և Պուտինը Բելառուսի սահմանին փախստականների հարցով կրկին հեռախոսազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Լեհաստանի ու Բելառուսի սահմանին փախստականներով պայմանավորված իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Bloomberg-ը:
«Պուտինն ու Մերկելը կրկին Բելառուսի հարցը կքննարկեն մի քանի ժամից»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ:
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Մերկելը Պուտինին խնդրել էր ազդեցություն գործել Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ կապված փախստականների հարցի հետ, ովքեր այդ երկրի տարածքով փորձում են մուտք գործել Եվրամիությունը: Համաձայն Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինն առաջարկել է Մերկելին միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ խնդիրը քննարկել ԵՄ անդամ երկրների ու Մինսկի միջև շփումների շրջանակում:
Բելառուսական կողմի տվյալներով՝ Լեհաստանի հետ սահմանին կա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից շուրջ երկու հազար փախստական, այդ թվում և զգալի թվով կանայք ու երեխաներ: Փախստականներից ոմանք փորձեր են արել ապօրինի հատել սահմանն ու մտնել Լեհաստան:
Կարծիքներ