Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 10-ին գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Ինչպես հայտնում են Արցախի Ազգային ժողովից, նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ աղբյուրի՝ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո նշել է, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:
Նշվում է, որ օրինափաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության: Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունել է որպես օրենք:
Կարծիքներ