Հայաստանը՝ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթող
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը դարձել է մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն՝ նպաստելով միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը՝ ի շահ խաղաղության և անվտանգության:
Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո, մրցավարական հանձնաժողովի որոշմամբ, «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը Ղազախստանի մասնակիցն է՝ ավագ սերժանտ Տոլկին Բակիժանովան: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երրորդը ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմից ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: Մրցանակային երկրորդ տեղը նույնպես Հայաստանինն է՝ ավագ լեյտենանտ Հարություն Յախանյան: Երրորդ տեղում Ռուսաստանի մասնակիցն է՝ սերժանտ Անդրեյ Վեդենսկի:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:
«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության (դիտորդի կարգավիճակով) զինված ուժերի ներկայացուցիչները:
Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների:պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
Կարծիքներ