Նախկինում ավելացած խնայողությունները մսխվե՞լ են․ Գևորգ Պապոյանը՝ Սուրեն Պապիկյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ բյուջեի 2019 թվականի կատարողականի քննարկումից իր մոտ տպավորություն է առաջացել, որ շատ դեպքերում ճանապարհաշինության համար հատկացված գումարների մի մասը խնայվել է, նպատակները իրականացվել են, բայց բավականին մեծ գումարներ են խնայվել:
Պապոյանը հարց հնչեցրեց՝ կարելի՞ է ենթադրել, որ նախկինում եւս հնարավոր է եղել այդպիսի խնայողություններ անել, բայց գումարը շատ է գրվել ու ավելացածը մսխվել է:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ կարող է միայն ասել, որ 2019 թ. ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ գրանցել են տրամադրված միջոցների 5 միլիոն դրամի խնայողություն:
Ընդգծեց՝ սա ենթադրում է, որ այդ ավելացած գումարը վերաբաշխվել է եւ հավելյալ այլ ճանապարհների շինարարության վրա կծախսվի:
«Ես հիմա գնահատական չեմ ուզում հնչեցնել, թե որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել: Փառք տիրոջ, այս փուլում մեր իրավապահները դրանով հետեւողականորեն զբաղվում են եւ կարծում եմ մեզ դեռ սպասվում են բացահայտումներ»,- հավելեց Պապիկյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ անում են որակ-խնայողություն ճիշտ հարաբերակցություն պահելու համար:
Կարծիքներ