ՄԻԵԴ-ը հրապարակել է Ալեքսանդր Արզումանյանի և Սասուն Միքայելյանի գործերով վճիռները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցերի վերաբերյալ վճիռները:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:
Որոշմամբ ՀՀ կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:
Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:
Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։
Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից:
Սասուն Միքայելյանի մասով որոշումը ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը կծանուցի նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:
Դիմումը վերաբերում է Միքայելյանի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի խաղաղ հավաքներին մասնակցելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ներպետական ատյանները սպառելուց հետո նա գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ:
Կարծիքներ