Խորվաթիայում կարող են մեծ տուգանքներ սահմանել «COVID-19-ի վկայականներն» օգտագործելուց հրաժարվելու համար
Խորվաթիայի կառավարությունն առաջարկել է խոշոր տուգանքներ կիրառել պետական գերատեսչությունների կամ քաղաքապետարանների ղեկավարների համար, որոնք չեն օգտագործում «COVID-19-ի թվային վկայականները», հայտնում է Reuters-ը։
Եվրոպական միության վկայականները հաստատում են, որ անձը պատվաստվել է, ապաքինվել է COVID-19-ից կամ թեստի արդյունքները բացասական են։ Սակայն Խորվաթիայում վկայականների ներդրումից ի վեր մի քանի քաղաքապետներ հրաժարվել են կիրառել դրանք՝ հայտարարելով, թե չեն ցանկանում բաժանումներ ստեղծել քաղաքացիների միջեւ։
«Մենք առաջարկում ենք 30 000 – 50 000 կունի (7537,27 ԱՄՆ դոլար) տուգանքներ սահմանել», - կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Վիլի Բերոսը:
Երկու շաբաթ առաջ Զագրեբի կենտրոնական հրապարակում մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել վկայականների դեմ՝ պնդելով, որ դրանք խախտում են պատվաստվելու կամ չպատվաստվելու ընտրության հիմնարար ազատությունը։
Ընդդիմադիր պահպանողական «Կամուրջ» կուսակցությունը շաբաթ օրը քաղաքացիների ստորագրահավաք կսկսի՝ փորձելով վկայականների օգտագործման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Որպեսզի հանրաքվեի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ընտրողների առնվազն 10%-ը կամ մոտ 370 000 մարդ պետք է երկու շաբաթվա ընթացքում աջակցի նախաձեռնությանը:
Թվային վկայականների մանդատը ուժի մեջ է մտել նոյեմբերի 15-ից եւ վերաբերում է պետական հատվածի բոլոր աշխատողներին ու պետական գերատեսչություններում ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին: Նախկինում սա պայման էր միայն առողջապահության ոլորտում եւ սոցիալական աշխատողների շրջանում։
Խորվաթների մոտավորապես 50-55%-ը լիովին պատվաստված է, ինչը ցածր է ԵՄ միջին ցուցանիշից, իսկ կառավարությունը ակտիվացրել է պատվաստման ջանքերը, քանի որ ձմռան մոտենալուն զուգընթաց նոր վարակների քանակն ավելանում է:
Կարծիքներ