Ապամոնտաժված ինքնակամ կառույցներ, շրջիկ առևտրի չգրանցված կետեր. Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը

Ապամոնտաժված ինքնակամ կառույցներ, շրջիկ առևտրի չգրանցված կետեր. Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը

Քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ արդեն շուրջ 860 աղբամուղ է փակվել: Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ակտիվորեն ապամոնտաժվում են: Համայնքի ուժերով արդեն իսկ ապամոնտաժվել է 30, տնտեսվարողների միջոցներով՝ 10 շարժական կետ: Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 47 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական:

Երևանի քաղաքապետարանի վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ամբողջովին կազմակերպվելու է այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին hայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած հերոս տղաներին՝ որոշակիորեն թեթևացնելով նրանց հոգսը: Այդ նպատակով վերլուծվել են անհրաժեշտ տվյալները և ընտրվել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած զինծառայողները: Մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է: Այժմ ընթացքի մեջ են չափագրման աշխատանքները:

Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Հանձնարարվել է արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին ու երթևեկության ընթացքում բացառել վարորդների ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ստուգայցերի միջոցով տեղերում ուժեղացնել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել երևույթը բացառելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում