Նուբար Աֆեյանի ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքների մասին

Նուբար Աֆեյանի ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքների մասին

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի միջանկյալ արդյունքները 94.5 տոկոս արդյունավետություն են ցույց տվել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ընկերությունից:

Ընդհանուր առմամբ, փորձարկումներին ԱՄՆ-ում մասնակցել է ավելի քան 30 000 մարդ: Առաջին միջանկյալ վերլուծության հիմքում ընկած ենն վարակման 95 դեպքի տվյալներ, որոնցից 90-ը դիտարկվել են պլացեբո ստացող խմբում, և միայն 5 դեպք է ուսումնասիրվել mRNA-1273 պատվաստանյութը ստացած խմբում:

«Ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է դիմել ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչություն՝ թույլտվություն ստանալու պատվաստանյութը կիրառելու համար և հույս ունի, որ այդ թույլտվությունը կտրվի 151 դեպքի վերջնական ուսումնասիրության հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Մարտի կեսերից ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտը հայտարարել էր Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հետ համատեղ մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին:

Moderna ընկերությունը մայիսի 18-ին հայտարարել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի դրական ավարտի մասին: Հուլիսի 27-ին ընկերությունն սկսել էր պատվաստանյութի փորձարկման նոր փուլը, որին մասնակցում է մոտ 30 հազար կամավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում