Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը. վարչապետի ուղերձը Նոուրուզի կապակցությամբ

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը. վարչապետի ուղերձը Նոուրուզի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։

Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Նոուրուզի՝ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Արեգակնային տոմարով նոր տարին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար անսասան խաղաղության և հարաճուն ձեռքբերումների տարի լինի։

Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:

Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում